«Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆՆ օրերս գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Նկատի ունենալով, որ առաջիկայում Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, պարոն Ադիբեկյանի այցի նպատակը կարելի է ենթադրել։
-Պարոն Ադիբեկյան, ինչո՞ւ էիք գնացել ԼՂՀ։
-2007 թ. «Ազատամարտիկների միության» երիտասարդական թևը նախաձեռնել էր հետազոտություն, որի շրջանակներում ինձ հրավիրել էին որպես խորհրդատու և հեղինակ։ Նույնը տեղի ունեցավ նաև օրերս։ Դա նվազագույն գումարներ պահանջող հետազոտություն է, քանի որ տրանսպորտային ծախսերն ապահովվում են, հարցազրուցավարները միության ակտիվիստներն են, իսկ մեր խնդիրն է ընդամենն ապահովել աշխատանքի որակը։ Ընտրանքը բավականին վստահելի էր՝ 1400 հարցվածների շրջանակում։ Մեր նպատակն էր պարզել, թե Ղարաբաղի բնակչությունն ինչ լուծումներ է տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցերում, ինչպես նաև ստանալ նրանց գնահատականը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վերջին երկու տարվա աշխատանքին։
-Եվ ի՞նչ արդյունքներ են գրանցվել։
-Իշխանությունների նկատմամբ տրամադրությունները Լեռնային Ղարաբաղում, ընդհանուր առմամբ, բավականին դրական են, և դա ոչ թե կարծիք է` «լոխ լավ ա» մակարդակով, այլ ունի թվային արտահայտություն։ Հարցաթերթիկը բավականին ընդգրկուն էր բոլոր կտրվածքներով՝ ավելի քան 60 հարցերով։ Հարցումը կարևոր է նաև այն առումով, որ միջազգային հանրությունն իմանա, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինչպես է տեսնում իր ապագան։ Բոլորը խոսում են, կարծիք են հայտնում ղարաբաղյան հակամարտության լուծման առնչությամբ, բացի ղարաբաղցիներից։ Մենք կոպիտ սխալներ ենք թույլ տվել և մեծ պարտություն ենք կրել դիվանագիտական պատերազմում. մեր մեծամտությունը մեզ շատ մեծ վնաս է հասցրել։ Հիմա հարկավոր է ամեն ինչ դնել իր տեղը, և ղարաբաղյան հարցի շուրջ որոշակի դադարը՝ կապված հայ-թուրքական մերձեցման հետ, գուցե հնարավորություն տա մեզ վերադառնալու իրական ձևաչափով քննարկման, և գուցե կարողանանք լուծումներ գտնել։ Եթե մենք չկապենք հայ-թուրքական հարաբերությունները ղարաբաղյան հիմնահարցի հետ, ապա բավականին մեծ հնարավորություն ենք ստանում փոխելու քննարկման ձևաչափերն ու ամբողջ գործընթացը։
-Իսկ արցախցին իր համար խնդրի լավագույն լուծումը ո՞րն է համարում։
-Հիմնականում նրանք իրենց ապագան տեսնում են անկախ հանրապետության կարգավիճակում։ Մեծամասնությունը (ավելի քան 85 տոկոս) բաժանված է երկու ոչ հավասար մասերի. մի մասը Հայաստանի հետ միավորվելու տարբերակն ընդունում է, մյուս մասը՝ ոչ։ Ադրբեջանի կազմում գտնվելը և ադրբեջանցիների վերադարձը բացառում են ընդհանրապես։ Որոշակի դեպքերում նշում են, որ անկախություն ունենալու դեպքում ադրբեջանցիները կարող են գալ և բնակվել ԼՂՀ-ում։
-Իսկ ղարաբաղցիների մեջ տեսնո՞ւմ եք խնդիրը հօգուտ իրենց լուծելու կամքն ու ուժը։
-Ղարաբաղը պաշարված երկիր-ամրոց է և բավականին համախմբված, միահամուռ։ Նրանց գնահատականները բավականին ընդգծված խիստ և կտրուկ են։ ԼՂՀ-ն պետք է ներգրավվի բանակցային գործընթացում, և ինչքան շուտ, այնքան լավ։
-Անդրադառնանք հայ-թուրքական հարաբերություններին. Հայաստանում ուսումնասիրություններ կատարե՞լ եք հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տրամադրությունները պարզելու նպատակով։
-Ես հետևում եմ բնակչության տրամադրություններին, քանի որ հանրային կարծիքի ձևավորման, իշխանությունների նկատմամբ վստահության քվեի, իշխանամետ-ընդդիմադիր ուժերի խնդիրներ կան։ Այսօր ընդդիմադիր ուժերի մեջ նույնպես խնդիրներ կան։ Քանի որ դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից և հանդես է գալիս ոչ իշխանական դիրքերից, ընդդիմադիր զանգվածը բաժանվեց երկու ոչ հավասար մասերի։ Մի մասը կտրուկ դեմ է սահմանների բացմանը, իսկ մյուս մասի ծրագրերին բավականին համահունչ է հայ-թուրքական մերձեցման գործընթացը, որովհետև ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես ցանկանում էր հարցը կարգավորել զիջումներով, խոսքն ուղղակի զիջումների գնի մասին է։ Այնպես որ, բացի տեսական հարցից, այն նաև ներքին կայունության, իշխանության նկատմամբ վստահության լուրջ խնդիր է։
-Իսկ Թուրքիայում նման ուսումնասիրություններ կատարվո՞ւմ են։ Տրամադրություններն այնտեղ ինչպիսի՞ն են։
-Մի թուրք պրոֆեսոր նման հետազոտություն կատարել է, բայց դա այն նույն ծրագիրն է, որ ես տվել էի հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովին։ Ծրագիրը մինչ այժմ էլ կա, պետք է լիներ համատեղ հայ-թուրքական կենտրոնների հետազոտություն, և պետք է բացահայտվեր թշնամու կերպարը. ինչպես ենք մենք թուրքերին ընկալում, և ինչպես թուրքերը՝ մեզ։ Բայց քանի որ դա բավականին թանկ հետազոտություն էր, հատկապես թուրքական կողմի առումով (նրանց տարածքը հաշվի առնելով), ֆինանսավորում չեղավ։ Վերջերս Թուրքիայում նման փորձագիտական ուսումնասիրություն կատարվել է, բայց արդյունքներին տեղյակ չեմ։ Ես գիտեմ մի բան. ուշ թե շուտ հաշտեցումը լինելու է։ Գլոբալ հոսքերում, գլոբալ տրանսպորտային միջանցքներում, էներգետիկ կապերի մեջ խոչընդոտներ չպետք է լինեն։ Որքան էլ բախումներ լինեն, կստիպեն, որ մենք գնանք զիջումների, կիսազիջումների կամ ժամանակավոր լուծումների։ Այս առումով հանրությունը մեծ դերակատարություն ունի, քանի որ, ի վերջո, մարդիկ են հարաբերվելու, քաղաքական խնդիրներն իրենց հարթությունն ունեն, քաղաքացիական հասարակությունը և շարքային քաղաքացին՝ իրենց խնդիրները։ Եթե մենք գնում ենք մերձեցման, ապա բոլոր այդ հարթություններում պետք է գտնենք ցավոտ կետերը, բախման ակունքները և աշխատենք լուծել, աստիճանաբար չեզոքացնել դրանք։
-ՀՀ նախագահը նախաձեռնել է հաշտեցման գործընթաց։ Հայ ժողովուրդը պատրա՞ստ է դրան, և ընդհանրապես մենք մեր մտավոր և անձնական կարողություններով կարո՞ղ ենք պայքարել 21-րդ դարի մարտահրավերների դեմ։
-Հայ-թուրքական կարգավորումը ոչ միանշանակ կարող է ընկալվել ժողովրդի կողմից։ Ես երկու մարքեթինգային ծրագիր եմ արել, որոնց պատվիրատուները Թուրքիայում բնակվող քրդերն են, ովքեր սպասում են հաշտեցմանը։ Նրանք ծրագրել են երկու միանման, նույն տեխնոլոգիաներով հագեցած գործարաններ կառուցել. մեկը` Թուրքիայում, մյուսը՝ Հայաստանում։ Մարդկանց մի զանգված կա, որ անտարբեր է հարցի առնչությամբ, Ռուսաստանում, Իրանում շուկաներ ձեռք բերած որոշ գործարարների հայ-թուրքական հարաբերությունները գուցե վնաս հասցնեն, բացի այդ, Հայաստանը կարող է բավականին լուրջ դաշտ դառնալ այլ երկրների (Թուրքիա, Իրան, Չինաստան և այլն) շահերի բախման առումով։ Մենք դառնում ենք տրանսպորտային խաչմերուկ՝ դրանից բխող պրոբլեմներով ու հետևանքներով։ Երբ խոսում ենք մարտահրավերների մասին, պետք է պատկերացնենք, թե մեզ ինչ ճակատագիր է սպասում, և դրան նախապատրաստվենք։ Բոլորը խոսում են մարտահրավերների մասին, բայց ես չեմ տեսել մեկին, որ կետ առ կետ նշի, թե որոնք են դրանք։ Մենք գիտենք՝ դրանք որոնք են, և կարող ենք նյութեր հավաքել, վերլուծել ու խորհուրդ տալ կառավարությանը, թե ինչ է պետք անել, որ դառնանք ոչ թե բեռնակիր տերություն` չինացիների ապրանքը թուրքերին տանք և հակառակը, այլ մեկ այլ որակի երկիր՝ մնալով որպես տրանսպորտային հանգույցի դերակատար։
Զրուցեց Ռուզան ԱՊՐԵՍՅԱՆԸ